< ՅՈՎՀԱՆՆՈԻ 12 >

1 Իսկ Յիսուս Զատիկէն վեց օր առաջ եկաւ Բեթանիա, ուր կը գտնուէր մեռած Ղազարոսը՝ որ ինք մեռելներէն յարուցանեց:
Իսկ Յիսուս զատկից վեց օր առաջ եկաւ Բեթանիա, ուր ապրում էր մեռած Ղազարոսը, որին մեռելներից վեր էր կացրել:
2 Հոն՝ ընթրիք մը սարքեցին անոր. Մարթա կը սպասարկէր, ու Ղազարոս անոր հետ սեղան նստողներէն՝՝ մէկն էր:
Եւ այնտեղ նրան ընթրիք տուին. սպասարկում էր Մարթան, իսկ Ղազարոսը նրա հետ սեղան նստածներից մէկն էր:
3 Իսկ Մարիամ՝ առնելով մէկ լիտր թանկագին նարդոսի օծանելիք՝ օծեց Յիսուսի ոտքերը, եւ սրբեց անոր ոտքերը իր մազերով. ու տունը լեցուեցաւ օծանելիքին հոտով:
Իսկ Մարիամը մի լիտր ազնիւ նարդոսի թանկարժէք իւղ վերցնելով՝ օծեց Յիսուսի ոտքերը. եւ իր մազերով էլ սրբում էր նրա ոտքերը. եւ տունը լցուեց իւղի բուրմունքով:
4 Ուստի աշակերտներէն մէկը՝ Իսկարիովտացի Սիմոնեան Յուդա, որ պիտի մատնէր զինք, ըսաւ.
Աշակերտներից մէկը՝ Յուդա Իսկարիովտացին, որ մատնելու էր նրան, ասաց.
5 «Ինչո՞ւ այդ օծանելիքը չծախուեցաւ երեք հարիւր դահեկանի՝ որ տրուէր աղքատներուն»:
«Ինչո՞ւ այդ իւղը չվաճառուեց երեք հարիւր արծաթ դահեկանի եւ չտրուեց աղքատներին»:
6 Ասիկա ըսաւ՝ ո՛չ թէ աղքատները հոգալուն համար, հապա՝ քանի որ գող էր եւ ինք ունէր գանձանակը, ու կը կրէր ինչ որ ձգուէր:
Նա այս ասաց ոչ թէ նրա համար, որ աղքատների համար էր հոգում, այլ որովհետեւ գող էր եւ գանձարկղը ինքն էր պահում, եւ ինչ որ այնտեղ դրւում էր, ինքն էր վերցնում:
7 Իսկ Յիսուս ըսաւ. «Թո՛յլ տուր անոր. այդ բանը պահեց իմ թաղումիս օրուան համար:
Յիսուս ասաց նրան. «Թո՛յլ տուէք նրան, որպէսզի իմ թաղման օրուայ համար պահի այդ:
8 Որովհետեւ աղքատները ամէն ատեն ունիք ձեզի հետ, բայց զիս ամէն ատեն չունիք»:
Աղքատներին ամէն ժամ ձեզ հետ ունէք: Ինձ միշտ ձեզ հետ չունէք»:
9 Ուստի Հրեաներէն մեծ բազմութիւն մը գիտցաւ անոր հոն ըլլալը, ու եկաւ՝ ո՛չ միայն Յիսուսի համար, այլ նաեւ տեսնելու Ղազարոսը՝ որ մեռելներէն յարուցանած էր:
Երբ հրեաներից բազում ժողովուրդ իմացաւ, որ նա այնտեղ է, եկաւ. ոչ միայն Յիսուսի պատճառով, այլ՝ որպէսզի տեսնի նաեւ Ղազարոսին, որին մեռելներից վեր էր կացրել:
10 Իսկ քահանայապետները խորհրդակցեցան՝ որ սպաննեն Ղազարոսն ալ.
Քահանայապետները խորհուրդ արեցին, որ Ղազարոսին էլ սպանեն,
11 որովհետեւ Հրեաներէն շատեր անոր պատճառով կ՚երթային ու կը հաւատային Յիսուսի:
քանի որ շատերը հեռանում էին հրեաներից եւ հաւատում էին Յիսուսին:
12 Հետեւեալ օրը՝ մեծ բազմութիւն մը, որ եկած էր տօնին, երբ լսեց թէ Յիսուս կու գայ Երուսաղէմ,
Յաջորդ օրը, ժողովրդի բազմութիւնը, որ զատկի տօնին էր եկել, երբ լսեց, թէ Յիսուս Երուսաղէմ է գալիս,
13 առաւ արմաւենիի ոստեր, դուրս ելաւ զայն դիմաւորելու, եւ կ՚աղաղակէր. «Ովսաննա՜, օրհնեա՜լ է Իսրայէլի թագաւորը՝ որ կու գայ Տէրոջ անունով»:
արմաւենիների ճիւղեր վերցրեց եւ Յիսուսին ընդառաջ ելաւ: Աղաղակում էին ու ասում. «Ովսաննա՜, օրհնեա՜լ լինես դու, որ գալիս ես Տիրոջ անունով, ո՛վ թագաւոր Իսրայէլի»:
14 Յիսուս՝ գտնելով աւանակ մը՝ նստաւ անոր վրայ, ինչպէս գրուած է.
Եւ Յիսուս մի էշ գտնելով, նստեց նրա վրայ, ինչպէս որ գրուած է.
15 «Մի՛ վախնար, Սիոնի՛ աղջիկ. ահա՛ Թագաւորդ կու գայ՝ նստած իշու աւանակի վրայ»:
«Մի՛ վախեցիր, ո՛վ դուստրդ Սիոնի, ահա քո թագաւորը գալիս է՝ նստած մի էշի քուռակի վրայ»:
16 Անոր աշակերտները նախապէս չհասկցան այդ բաները. բայց երբ Յիսուս փառաւորուեցաւ, այն ատեն յիշեցին թէ ատոնք գրուած էին անոր մասին, եւ թէ իրենք ըրին անոր այդ բաները:
Եւ նրա աշակերտները սկզբում այն չհասկացան, բայց երբ Յիսուս փառաւորուեց, այն ժամանակ յիշեցին, թէ այդ նրա մասին էր գրուած, եւ իրենք այդ էին արել նրան:
17 Իրեն հետ եղող բազմութիւնը կը վկայէր թէ գերեզմանէն դուրս կանչեց Ղազարոսը ու մեռելներէն յարուցանեց զայն:
Իսկ ժողովուրդը, որ նրա հետ էր, վկայում էր, որ Ղազարոսին հէնց գերեզմանից կանչեց եւ նրան մեռելներից կենդանացրեց:
18 Այս պատճառով ալ բազմութիւնը դիմաւորեց զինք, որովհետեւ լսեցին թէ ի՛նք ըրած էր այս նշանը:
Եւ դրա համար էլ նրան ընդառաջ ելաւ ժողովուրդը, որովհետեւ լսել էին, որ այդ նշաններն էր արել:
19 Իսկ Փարիսեցիները կ՚ըսէին իրարու. «Կը նշմարէ՞ք թէ անօգուտ է. ահա՛ ամբողջ աշխարհը կը հետեւի անոր՝՝»:
Իսկ փարիսեցիները միմեանց ասում էին. «Տեսնում էք, որ ոչ մի օգուտ չէք ստանում. ահաւասիկ ամբողջ աշխարհը նրա յետեւից գնաց»:
20 Հոն՝ տօնին երկրպագելու բարձրացողներուն մէջ՝ քանի մը Յոյներ կային:
Այնտեղ կային նաեւ որոշ թուով հեթանոսներ՝ նրանց մէջ, որ Երուսաղէմ էին եկել, որպէսզի տօնի ժամանակ երկրպագութիւն անեն:
21 Ասոնք մօտեցան Փիլիպպոսի, որ Գալիլեայի Բեթսայիդայէն էր, ու կը թախանձէին անոր՝ ըսելով. «Տէ՛ր, կ՚ուզենք Յիսո՛ւսը տեսնել»:
Նրանք մօտեցան Փիլիպպոսին, որ Գալիլիայի Բեթսայիդա քաղաքից էր. աղաչում էին նրան ու ասում. «Տէ՛ր, ուզում ենք Յիսուսին տեսնել»:
22 Փիլիպպոս եկաւ եւ ըսաւ Անդրէասի, ապա դարձեալ Անդրէաս ու Փիլիպպոս միասին ըսին Յիսուսի:
Փիլիպպոսը եկաւ եւ Անդրէասին ասաց: Անդրէասը եւ Փիլիպպոսն էլ Յիսուսին ասացին:
23 Յիսուս ալ պատասխանեց անոնց. «Ժամը հասաւ՝ որ մարդու Որդին փառաւորուի:
Եւ Յիսուս նրանց պատասխանեց ու ասաց. «Հասաւ ժամը, որ փառաւորուի մարդու Որդին:
24 Ճշմա՛րտապէս, ճշմա՛րտապէս կը յայտարարեմ ձեզի. “Եթէ ցորենին հատիկը հողին մէջ իյնալով չմեռնի՝ ինք մինակ կը մնայ. բայց եթէ մեռնի՝ շատ պտուղ կը բերէ”:
Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ. եթէ ցորենի հատիկը հողի մէջ ընկնելով չմեռնի, միայն հատիկն ինքը կը մնայ, իսկ եթէ մեռնի, բազում արդիւնք կը տայ:
25 Ա՛ն որ կը սիրէ իր անձը՝ պիտի կորսնցնէ զայն, եւ ա՛ն որ կ՚ատէ իր անձը այս աշխարհի մէջ՝ յաւիտենական կեանքին համար պիտի պահէ զայն: (aiōnios g166)
Ով սիրում է իր անձը, կը կորցնի այն, իսկ ով այս աշխարհում իր անձն ատում է, այն կը պահի յաւիտենական կեանքի համար: (aiōnios g166)
26 Եթէ մէկը կը սպասարկէ ինծի՝ թող հետեւի ինծի. ու ես ո՛ւր որ եմ, իմ սպասարկուս ալ հո՛ն պիտի ըլլայ. եթէ մէկը կը սպասարկէ ինծի, Հայրը պիտի պատուէ զինք»:
Եթէ մէկն ինձ ծառայի, իմ յետեւից կը գայ. եւ ուր ես եմ, այնտեղ կը լինի եւ իմ ծառան. եթէ մէկը ինձ ծառայի, նրան կը պատուի իմ Հայրը:
27 «Հիմա իմ անձս վրդոված է, եւ ի՞նչ ըսեմ. “Հա՛յր, ազատէ՛ զիս այս ժամէ՞ն”: Բայց ես եկած եմ ասո՛ր համար՝ ա՛յս ժամուն:
Բայց այժմ հոգիս խռովուած է. եւ ի՞նչ ասեմ. Հա՛յր, փրկի՛ր ինձ այս ժամից: Բայց ես հէնց այս բանի համար եմ եկել այս ժամին:
28 “Հա՛յր, փառաւորէ՛ քու անունդ”»: Ուստի ձայն մը եկաւ երկինքէն. «Փառաւորեցի ալ, ու դարձեալ պիտի փառաւորեմ»:
Հա՛յր, փառաւորի՛ր քո անունը»: Երկնքից մի ձայն եկաւ. «Ե՛ւ փառաւորեցի, եւ դարձեա՛լ պիտի փառաւորեմ»:
29 Բազմութիւնը՝ որ կայնած էր ու կը լսէր, կ՚ըսէր. «Որոտում կ՚ըլլայ»: Ոմանք ալ կ՚ըսէին. «Հրեշտա՛կ մը խօսեցաւ իրեն հետ»:
Եւ ժողովուրդը, որ կանգնած էր ու լսում էր, ասում էր, թէ՝ որոտմունք է լինում: Ոմանք էլ ասացին. «Նրա հետ մի հրեշտակ խօսեց»:
30 Յիսուս պատասխանեց. «Այս ձայնը եկաւ ո՛չ թէ ինծի համար, հապա՝ ձեզի համար:
Յիսուս պատասխանեց ու ասաց. «Այս ձայնը ինձ համար չէ, որ եկաւ, այլ՝ ձեզ համար:
31 Հիմա է այս աշխարհի դատաստանը, հիմա պիտի վտարուի այս աշխարհի իշխանը:
Հիմա՛ է այս աշխարհի դատաստանը, հիմա՛ է, որ այս աշխարհի իշխանը դուրս կը նետուի:
32 Ես ալ, երբ բարձրանամ երկրէն, բոլորդ ալ պիտի քաշեմ ինծի»:
Եւ երբ ես բարձրանամ երկրից, ամենքին դէպի ինձ կը ձգեմ»:
33 Այս բանը կ՚ըսէր՝ մատնանշելով թէ ի՛նչ տեսակ մահով պիտի մեռնէր:
Այս ասում էր նշելու համար, թէ ի՛նչ մահով էր մեռնելու:
34 Բազմութիւնը պատասխանեց անոր. «Մենք լսեցինք Օրէնքէն թէ Քրիստոս յաւիտեա՛ն կը մնայ: Դուն ի՞նչպէս կ՚ըսես. “Մարդու Որդին պէտք է բարձրանայ”: Ո՞վ է այդ մարդու Որդին»: (aiōn g165)
Ժողովուրդը նրան պատասխանեց. «Օրէնքից մենք լսել ենք, թէ Քրիստոս յաւիտեան կը մնայ, իսկ դու ինչպէ՞ս ես ասում, թէ մարդու Որդին պէտք է բարձրանայ. ո՞վ է այդ մարդու Որդին»: (aiōn g165)
35 Ուստի Յիսուս ըսաւ անոնց. «Քի՛չ մը ատեն ալ լոյսը ձեզի հետ է. քալեցէ՛ք՝ մինչ տակաւին լոյսը ունիք, որպէսզի խաւարը չհասնի ձեր վրայ. որովհետեւ խաւարի մէջ քալողը չի գիտեր թէ ո՛ւր կ՚երթայ:
Յիսուս նրանց ասաց. «Մի փոքր ժամանակ եւս լոյսը ձեզ հետ է. քայլեցէ՛ք, քանի դեռ լոյսն ունէք, որպէսզի խաւարը ձեզ չկլանի, քանի որ, ով քայլում է խաւարի մէջ, չի իմանում, թէ ուր է գնում:
36 Մինչ լոյսը ունիք՝ հաւատացէ՛ք այդ լոյսին, որպէսզի լոյսի որդիներ ըլլաք»: Յիսուս այս բաները խօսեցաւ, ապա գնաց՝ ինքզինք ծածկելով անոնց աչքերէն:
Քանի դեռ լոյսը ձեզ հետ ունէք, հաւատացէ՛ք լոյսին, որպէսզի լոյսի որդիներ լինէք»: Յիսուս այս խօսեց եւ գնաց նրանցից թաքնուեց:
37 Թէպէտ այնքան նշաններ ըրած էր անոնց առջեւ, անոնք չէին հաւատար իրեն.
Թէպէտ եւ նա այնքան նշաններ էր արել նրանց առաջ, նրանք չէին հաւատում նրան,
38 որպէսզի իրագործուի Եսայի մարգարէին խօսքը՝ որ ըսած էր. «Տէ՛ր, ո՞վ հաւատաց մեր տուած լուրին, ու Տէրոջ բազուկը որո՞ւն յայտնուեցաւ»:
որպէսզի կատարուէր Եսայի մարգարէի խօսքը, որ ասաց. «Տէ՛ր, ո՞վ հաւատաց մեր տուած լուրին, եւ Տիրոջ բազուկը ո՞ւմ յայտնուեց»:
39 Չէին կրնար հաւատալ՝ քանի որ Եսայի դարձեալ ըսած է.
Չէին կարողանում հաւատալ եւ այն բանի համար, որ Եսային վերստին ասում է.
40 «Կուրցուց անոնց աչքերը եւ կարծրացուց անոնց սիրտը, որպէսզի չտեսնեն իրենց աչքերով, չհասկնան իրենց սիրտով ու դարձի չգան, եւ ես չբժշկեմ զանոնք»:
«Նրանց աչքերը կուրացրեց եւ նրանց սրտերը կարծրացրեց, որպէսզի աչքերով չտեսնեն ու սրտերով չիմանան եւ դարձի չգան, ու ես նրանց չբժշկեմ»:
41 Եսայի ըսաւ ասիկա՝ երբ տեսաւ անոր փառքը ու խօսեցաւ անոր մասին:
Եսային այս ասաց, որովհետեւ տեսաւ նրա փառքը եւ խօսեց նրա մասին:
42 Սակայն միաժամանակ՝ պետերէն ալ շատեր հաւատացին իրեն. բայց չէին դաւաներ զայն՝ Փարիսեցիներուն պատճառով, որպէսզի չվռնտուին ժողովարանէն.
Բայց մինչեւ անգամ հրեայ իշխանաւորներից շատեր հաւատացին նրան, բայց փարիսեցիների պատճառով չէին յայտնում, որպէսզի ժողովարանից դուրս չհանուեն.
43 որովհետեւ աւելի սիրեցին մարդոց փառքը՝ քան Աստուծոյ փառքը:
քանի որ մարդկանցից տրուած փառքը աւելի սիրեցին, քան Աստծուց տրուած փառքը:
44 Յիսուս կ՚աղաղակէր. «Ա՛ն որ կը հաւատայ ինծի, կը հաւատայ ո՛չ թէ ինծի, հապա՝ զիս ղրկողի՛ն.
Յիսուս աղաղակում էր ու ասում. «Ով ինձ է հաւատում, ինձ չէ, որ հաւատում է, այլ նրան, ով ինձ ուղարկեց:
45 եւ ա՛ն որ կը տեսնէ զիս, կը տեսնէ զիս ղրկո՛ղը:
Եւ ով ինձ է տեսնում, տեսնում է նրան, ով ինձ ուղարկեց:
46 Ես աշխարհ եկայ իբր լոյս, որպէսզի ո՛վ որ հաւատայ ինծի՝ չմնայ խաւարի մէջ:
Ես որպէս լոյս եկայ աշխարհ, որպէսզի ամէն ոք, որ ինձ հաւատում է, խաւարում չմնայ:
47 Եթէ մէկը լսէ իմ խօսքերս ու չհաւատայ՝ ես չեմ դատեր զինք, քանի որ ես եկայ՝ ո՛չ թէ դատելու աշխարհը, հապա՝ փրկելու աշխարհը:
Եւ եթէ մէկը լսի իմ խօսքերը եւ չպահի դրանք, ես նրան չեմ դատապարտի, քանի որ չեկայ, որ աշխարհը դատապարտեմ, այլ՝ որպէսզի փրկեմ աշխարհը:
48 Ա՛ն որ կ՚անարգէ զիս եւ չ՚ընդունիր իմ խօսքերս, ունի մէկը՝ որ կը դատէ զինք. այն խօսքը՝ որ ես ըսի, անիկա՛ պիտի դատէ զինք՝ վերջին օրը:
Ով անարգում է ինձ եւ իմ խօսքերը չի ընդունում, կայ մէկը, որ նրան դատում է. այն խօսքը, որ ես խօսեցի, դա՛ պիտի դատապարտի նրան վերջին օրը,
49 Որովհետեւ ես ինձմէ չխօսեցայ, հապա Հայրը՝ որ ղրկեց զիս, ի՛նք պատուիրեց ինծի թէ ի՛նչ պիտի ըսեմ եւ ի՛նչ պիտի խօսիմ:
որովհետեւ ես ինքս ինձնից չխօսեցի, այլ Հայրը, որ ինձ ուղարկեց, նա՛ ինձ պատուիրեց, թէ ի՛նչ պիտի ասեմ եւ ի՛նչ պիտի խօսեմ:
50 Եւ գիտեմ թէ անոր պատուիրածը՝ յաւիտենական կեանքն է. ուրեմն ինչ որ կը խօսիմ, ա՛յնպէս կը խօսիմ՝ ինչպէս Հայրը ըսաւ ինծի»: (aiōnios g166)
Եւ գիտեմ, որ այն պատուիրանը յաւիտենական կեանք է: Արդ, ինչ որ ես եմ խօսում, այնպէս եմ խօսում, ինչպէս Հայրն ինձ ասաց»: (aiōnios g166)

< ՅՈՎՀԱՆՆՈԻ 12 >