< ՂՈԻԿԱՍ 2 >

1 Այդ օրերը Օգոստոս կայսրէն հրամանագիր ելաւ, որ ամբողջ երկրագունդը արձանագրուի:
Այն օրերին Օգոստոս կայսեր կողմից հրաման ելաւ՝ ամբողջ երկրում մարդահամար անելու համար:
2 (Այս առաջին աշխարհագիրը եղաւ՝ երբ Կիւրենոս Սուրիայի վրայ կառավարիչ էր: )
Այս առաջին մարդահամարը տեղի ունեցաւ, երբ Կիւրենիոսը կուսակալ էր Ասորիքում:
3 Բոլորը կ՚երթային արձանագրուելու, իւրաքանչիւրը՝ իր քաղաքին մէջ:
Եւ բոլորը գնում էին արձանագրուելու մարդահամարի՝ իւրաքանչիւրն իր քաղաքում:
4 Յովսէփ ալ՝ Գալիլեայէն, Նազարէթ քաղաքէն, բարձրացաւ դէպի Հրէաստան՝ Դաւիթի քաղաքը, որ Բեթլեհէմ կը կոչուի, (քանի ինք Դաւիթի տունէն եւ գերդաստանէն էր, )
Յովսէփն էլ Դաւթի տնից եւ ազգատոհմից լինելով՝ Գալիլիայի Նազարէթ քաղաքից ելաւ գնաց դէպի Հրէաստան՝ Դաւթի քաղաքը, որը Բեթղեհէմ է կոչւում,
5 արձանագրուելու Մարիամի հետ, որ իր նշանածն էր ու յղի էր:
մարդահամարի մէջ արձանագրուելու Մարիամի հետ, որ նրա հետ նշանուած էր եւ յղի էր:
6 Երբ անոնք հոն էին՝ անոր ծնանելու օրերը լրացան.
Եւ երբ նրանք այնտեղ հասան, նրա ծննդաբերելու օրերը լրացան,
7 եւ իր անդրանիկ որդին ծնաւ, խանձարուրով փաթթեց զայն ու մսուրին մէջ պառկեցուց, որովհետեւ իջեւանին մէջ տեղ չկար իրենց:
եւ նա ծնեց իր անդրանիկ որդուն, խանձարուրի մէջ փաթաթեց նրան ու դրեց մսուրի մէջ, որովհետեւ իջեւանում նրանց համար տեղ չկար:
8 Այդ երկրամասը դաշտաբնակ հովիւներ կային, որոնք իրենց հօտերը կը պահպանէին գիշերուան մէջ:
Եւ այդ շրջանում բացօթեայ բնակուող հովիւներ կային, որոնք իրենց հօտերի գիշերային պահպանութիւնն էին անում:
9 Եւ ահա՛ Տէրոջ հրեշտակը անոնց վրայ հասաւ, Տէրոջ փառքը անոնց շուրջը փայլեցաւ, ու սաստիկ վախցան:
Եւ Տիրոջ հրեշտակը երեւաց նրանց, Տիրոջ փառքը ծագեց նրանց շուրջը, ու նրանք սաստիկ վախեցան:
10 Բայց հրեշտակը ըսաւ անոնց. «Մի՛ վախնաք, որովհետեւ ահա՛ ես մեծ ուրախութեան աւետիս մը կու տամ ձեզի, որ ամբողջ ժողովուրդին պիտի ըլլայ.
Եւ հրեշտակը ասաց նրանց. «Մի՛ վախեցէք, որովհետեւ ահա ձեզ մեծ ուրախութիւն եմ աւետում, որը ամբողջ ժողովրդինը կը լինի.
11 որովհետեւ այսօր՝ Դաւիթի քաղաքին մէջ՝ Փրկիչ մը ծնաւ ձեզի, որ Օծեալ Տէրն է:
որովհետեւ այսօր Դաւթի քաղաքում ձեզ համար ծնուեց մի Փրկիչ, որ օծեալ Տէրն է:
12 Եւ սա՛ ձեզի նշան մը պիտի ըլլայ. երախայ մը պիտի գտնէք՝ խանձարուրով փաթթուած ու մսուրի մէջ պառկած»:
Եւ սա՛ ձեզ համար նշան կը լինի. խանձարուրով փաթաթած եւ մսուրի մէջ դրուած մի մանուկ կը գտնէք»:
13 Յանկարծ այդ հրեշտակին հետ երկնային զօրքերու բազմութիւն մը եղաւ, որոնք Աստուած կը գովաբանէին եւ կ՚ըսէին.
Եւ յանկարծակի այդ հրեշտակի հետ երեւաց երկնային զօրքերի մի բազմութիւն, որ օրհնում էր Աստծուն ու ասում.
14 «Ամենաբարձր վայրերուն մէջ՝ Աստուծոյ փա՜ռք, երկրի վրայ՝ խաղաղութի՜ւն, մարդոց մէջ՝ բարեացակամութի՜ւն»:
«Փա՜ռք Աստծուն՝ բարձունքներում, եւ երկրի վրայ խաղաղութի՜ւն եւ հաճութի՜ւն՝ մարդկանց մէջ»:
15 Երբ հրեշտակները երկինք վերցուեցան անոնցմէ, հովիւները ըսին իրարու. «Եկէ՛ք, երթա՛նք մինչեւ Բեթլեհէմ, ու տեսնե՛նք թէ ի՛նչ է այս եղած բանը՝ որ Տէրը գիտցուց մեզի»:
Եւ երբ հրեշտակները նրանցից հեռանալով երկինք բարձրացան, հովիւներն ասացին միմեանց. «Եկէ՛ք գնանք մինչեւ Բեթղեհէմ եւ տեսնենք, թէ ի՛նչ բան է այս եղածը, որ Տէրը մեզ ցոյց տուեց»:
16 Ուստի գացին աճապարելով, եւ գտան Մարիամն ու Յովսէփը, եւ մսուրին մէջ պառկած երախան:
Եւ նրանք շտապով եկան ու գտան Մարիամին ու Յովսէփին եւ մսուրի մէջ դրուած մանկանը:
17 Երբ տեսան, գիտցուցին այն խօսքը՝ որ այս մանուկին մասին ըսուեցաւ իրենց:
Եւ ճանաչեցին նրան այն խօսքից, որ իրենց ասուել էր մանկան մասին:
18 Բոլոր լսողները կը զարմանային այն բաներուն վրայ, որ հովիւները կը պատմէին իրենց:
Եւ բոլոր լսողները զարմանում էին այն բաների վրայ, որ հովիւները ասացին իրենց:
19 Իսկ Մարիամ կը պահէր այս բոլոր բաները իր սիրտին մէջ, եւ կը խորհրդածէր:
Իսկ Մարիամը այս բոլոր ասուածները պահում էր իր մէջ եւ իր սրտում խորհում:
20 Յետոյ հովիւները վերադարձան, փառաբանելով ու գովաբանելով Աստուած այն բոլոր բաներուն համար՝ որ լսեցին եւ տեսան, ինչպէս իրենց ըսուած էր:
Եւ հովիւները վերադարձան. փառաւորում եւ օրհնում էին Աստծուն այն ամենի համար, որ լսեցին ու տեսան, ինչպէս իրենց պատմուել էր:
21 Երբ ութ օրերը լրացան՝ մանուկը տարին թլփատելու: Անոր անունը դրուեցաւ Յիսուս, որ հրեշտակին կոչած անունն էր՝ դեռ ինք մօրը որովայնին մէջ չյղացուած:
Եւ երբ ութ օրերը լրացան, եւ նա թլփատուեց, նրա անունը Յիսուս դրուեց, ինչպէս հրեշտակի կողմից կոչուել էր, երբ դեռ չէր յղացուել մօր որովայնում:
22 Երբ անոնց մաքրութեան օրերը լրացան՝ Մովսէսի Օրէնքին համաձայն, Երուսաղէմ տարին զայն՝ Տէրոջ ներկայացնելու,
Երբոր նրանց սրբագործման օրերը լրացան, Մովսէսի Օրէնքի համաձայն՝ նրան Երուսաղէմ տարան՝ Տիրոջը ներկայացնելու համար,
23 (ինչպէս գրուած է Տէրոջ Օրէնքին մէջ. «Ամէն արու որ արգանդ կը բանայ՝ պիտի կոչուի “Տէրոջ սրբացած”», )
ինչպէս գրուած էր Տիրոջ Օրէնքում. «Ամէն արու զաւակ, որ արգանդ է բացում, Տիրոջ համար սուրբ պիտի կոչուի»:
24 ու Տէրոջ Օրէնքին մէջ ըսուածին համաձայն զոհ մը ընծայելու՝ զոյգ մը տատրակ, կամ աղաւնիի երկու ձագ:
Եւ Տիրոջ Օրէնքում ասուածի համաձայն՝ ընծայ պէտք է տալ մի զոյգ տատրակ կամ աղաւնու երկու ձագ:
25 Այդ ատեն՝՝ Երուսաղէմի մէջ մարդ մը կար, որուն անունը Սիմէոն էր: Ան արդար եւ բարեպաշտ էր, Իսրայէլի մխիթարութեան կը սպասէր, ու Սուրբ Հոգին անոր վրայ էր:
Արդ, Երուսաղէմում Սիմէոն անունով մի մարդ կար, եւ այդ մարդը արդար ու աստուածավախ էր եւ ակնկալում էր Իսրայէլի մխիթարութիւնը. եւ Սուրբ Հոգին էր նրա մէջ:
26 Ան պատգամ ստացած էր Սուրբ Հոգիէն թէ մահ պիտի չտեսնէր՝ մինչեւ որ տեսնէր Տէրոջ Օծեալը:
Եւ Սուրբ Հոգուց հրամայուած էր իրեն մահ չտեսնել, մինչեւ որ տեսնէր Տիրոջ Օծեալին:
27 Ան ալ՝ առաջնորդուելով Հոգիէն՝ եկաւ տաճարը. ու երբ ծնողները բերին Յիսուս մանուկը՝ որպէսզի Օրէնքին սովորութեան համաձայն կատարեն անոր համար,
Նա Հոգով առաջնորդուած՝ եկաւ տաճարը, եւ երբ ծնողները բերին Յիսուս մանկանը՝ նրա վրայ կատարելու ինչ որ օրէնքի սովորութեան համաձայն էր,
28 ինք ալ առաւ զայն իր գիրկը, օրհնեց Աստուած եւ ըսաւ.
Սիմէոնը նրան իր գիրկն առաւ, օրհնեց Աստծուն եւ ասաց.
29 «Հիմա, Տէ՛ր, արձակէ՛ ծառադ խաղաղութեամբ՝ քու խօսքիդ համաձայն.
30 որովհետեւ աչքերս տեսան քու փրկութիւնդ՝
31 որ պատրաստեցիր բոլոր ժողովուրդներուն առջեւ,
32 լոյս մը՝ հեթանոսները լուսաւորելու, ու փառք՝ Իսրայէլի, քու ժողովուրդիդ»:
33 Յովսէփ եւ անոր մայրը զարմացած էին այն բաներուն վրայ՝ որ կը խօսուէին անոր մասին:
Եւ նրա հայրն ու մայրը զարմացած էին այն խօսքերի համար, որ ասում էին նրա մասին:
34 Սիմէոն օրհնեց զանոնք, եւ ըսաւ անոր մօր՝ Մարիամի. «Ահա՛ այս մանուկը սահմանուած է շատ մարդոց իյնալուն ու ելլելուն համար՝ Իսրայէլի մէջ, եւ հակաճառութեան նշան մը ըլլալու համար.
Սիմէոնը նրանց օրհնեց եւ ասաց նրա մօրը՝ Մարիամին. «Ահա՛ սա նա է, որ պատճառ է դառնալու Իսրայէլի մէջ շատերի անկման ու բարձրացման եւ նշան՝ հակառակութեան:
35 (եւ քու սիրտիդ մէջէն ալ թուր մը պիտի անցնի՝՝.) որպէսզի շատ սիրտերու մտածումները յայտնուին»:
Իսկ քո հոգու միջով էլ սուր պիտի անցնի, որպէսզի բազում սրտերի խորհուրդներ յայտնի դառնան»:
36 Նաեւ հոն էր Աննա մարգարէուհին, Փանուէլի աղջիկը, Ասերի տոհմէն: Ան յառաջացած տարիք ունէր. ամուսինին հետ եօթը տարի ապրած էր իր կուսութենէն ետք,
Եւ այնտեղ կար մի մարգարէուհի՝ Աննա անունով՝ Փանուէլի դուստրը, Ասերի ազգատոհմից. սա տարիքով շատ առաջացած էր եւ ամուսնու հետ միայն եօթը տարի էր ապրել՝ սկսած իր կուսութիւնից:
37 ու այրի էր՝ գրեթէ ութսունչորս տարեկան: Ան չէր հեռանար տաճարէն, հապա ծոմով եւ աղերսանքով կը պաշտէր Աստուած՝ գիշեր ու ցերեկ:
Նա մօտ ութսունչորս տարեկան մի այրի էր, որ չէր հեռանում տաճարից, այլ ծոմապահութեամբ եւ աղօթքով գիշեր-ցերեկ ծառայում էր Աստծուն:
38 Այդ նոյն պահուն ան եկաւ, ներբողեց Տէրը, եւ խօսեցաւ անոր մասին բոլոր անոնց՝ որ Երուսաղէմի մէջ կը սպասէին ազատագրութեան:
Սա եւս նոյն ժամին վեր կացաւ եկաւ, գոհութիւն էր մատուցում Տիրոջը եւ խօսում էր մանկան մասին բոլոր նրանց հետ, որոնք Երուսաղէմի փրկութեանն էին սպասում:
39 Երբ գործադրեցին ամէն բան՝ Տէրոջ Օրէնքին համաձայն, վերադարձան Գալիլեա, իրենց Նազարէթ քաղաքը:
Եւ երբ ամէն ինչ կատարեցին Տիրոջ Օրէնքի համաձայն, վերադարձան Գալիլիա, իրենց քաղաքը՝ Նազարէթ:
40 Եւ մանուկը կը մեծնար ու հոգիով կը զօրանար՝ իմաստութեամբ լեցուած, եւ Աստուծոյ շնորհքը անոր վրայ էր:
Եւ մանուկը աճում ու զօրանում էր՝ լի իմաստութեամբ. եւ Աստծու շնորհները նրա վրայ էին:
41 Անոր ծնողները ամէն տարի՝ Զատիկի տօնին՝ կ՚երթային Երուսաղէմ:
Արդ, նրա ծնողները ամէն տարի, Զատկի տօնին, Երուսաղէմ էին գնում:
42 Ու երբ ան եղաւ տասներկու տարեկան, բարձրացան Երուսաղէմ՝ տօնին սովորութեան համաձայն:
Եւ երբ նա տասներկու տարեկան եղաւ, տօնի սովորութեան համաձայն՝ Երուսաղէմ ելան:
43 Երբ օրերը աւարտեցին ու վերադարձան, Յիսուս պատանին մնաց Երուսաղէմ: Բայց Յովսէփ եւ անոր մայրը չէին գիտեր.
Եւ երբ տօնական օրերը լրացան, ու նրանք վերադարձան, մանուկ Յիսուսը մնաց Երուսաղէմում, եւ նրա ծնողները այդ չիմացան:
44 հապա կարծելով թէ ան ուղեկիցներուն հետ է՝ մէկ օրուան ճամբայ գացին, ու կը փնտռէին զայն իրենց ազգականներուն եւ ծանօթներուն մէջ:
Կարծում էին, թէ նա իրենց ուղեկիցների հետ է. մի օրուայ չափ ճանապարհ եկան եւ նրան փնտռեցին ազգականների ու ծանօթների մէջ:
45 Երբ չգտան՝ Երուսաղէմ վերադարձան զայն փնտռելու:
Ու երբ չգտան, Երուսաղէմ վերադարձան՝ նրան փնտռելու համար:
46 Երեք օր ետք գտան զայն տաճարին մէջ. նստած էր վարդապետներուն հետ, մտիկ կ՚ընէր անոնց եւ բան կը հարցնէր:
Եւ երեք օր յետոյ նրան գտան տաճարում. վարդապետների հետ նստած՝ նա լսում էր նրանց եւ հարցեր էր տալիս:
47 Բոլոր զայն լսողները կը զմայլէին անոր խելքէն ու պատասխաններէն:
Եւ բոլորը, որ նրան լսում էին, զարմանում էին նրա իմաստութեան եւ պատասխանների վրայ:
48 Երբ տեսան զայն՝ ապշած մնացին, եւ մայրը ըսաւ անոր. «Որդեա՛կ, ինչո՞ւ ա՛յդպէս ըրիր մեզի. ահա՛ հայրդ ու ես կը փնտռէինք քեզ՝ չափազանց մորմոքած»:
Երբ ծնողները նրան տեսան, հիացան. իսկ մայրը նրան ասաց. «Որդի՛, այս ի՞նչ արեցիր դու մեզ. ահաւասիկ հայրդ ու ես տագնապած քեզ էինք փնտռում»:
49 Ըսաւ անոնց. «Ինչո՞ւ կը փնտռէիք զիս. չէի՞ք գիտեր թէ ես պէտք է ըլլամ իմ Հօրս տունը»:
Եւ նա պատասխանեց նրանց. «Ինչո՞ւ էիք ինձ փնտռում, չգիտէի՞ք, թէ ես Հօրս տանը պէտք է լինեմ»:
50 Սակայն անոնք չհասկցան այս խօսքը՝ որ ըսաւ իրենց:
Բայց նրանք չհասկացան այն խօսքը, որ նա իրենց ասաց:
51 Յետոյ իջաւ անոնց հետ ու գնաց Նազարէթ, եւ կը հպատակէր անոնց. բայց անոր մայրը այս բոլոր խօսքերը կը պահէր իր սիրտին մէջ:
Եւ Յիսուս նրանց հետ իջաւ ու Նազարէթ գնաց. եւ նա հնազանդ էր նրանց: Եւ նրա մայրը այս բոլոր բաները պահում էր իր սրտում:
52 Յիսուս կը զարգանար իմաստութեամբ ու հասակով, եւ շնորհք գտնելով Աստուծոյ ու մարդոց քով:
Իսկ Յիսուս զարգանում էր իմաստութեամբ, հասակով եւ շնորհով Աստծու ու մարդկանց առջեւ:

< ՂՈԻԿԱՍ 2 >