< ՄԱՐԿՈՍ 2 >

1 Դարձեալ Կափառնայում մտաւ քանի մը օր ետք, եւ լսուեցաւ թէ ան տան մը մէջ է:
Մի քանի օր յետոյ, երբ նա դարձեալ Կափառնայում մտաւ, լուր տարածուեց, թէ տանն է.
2 Իսկոյն շատ մարդիկ հաւաքուեցան, այնքան՝ որ ա՛լ տեղ չկար, ո՛չ իսկ դրան շուրջ, ու կը քարոզէր անոնց Աստուծոյ խօսքը:
եւ շատեր հաւաքուեցին, այնպէս որ այլեւս տեղ չմնաց, ոչ իսկ դռան առջեւ: Եւ նրանց քարոզում էր Աստծու խօսքը:
3 Մարդիկ եկան իրեն՝ բերելով չորս հոգիով փոխադրուած անդամալոյծ մը.
Եւ եկան նրա մօտ՝ բերելով մի անդամալոյծի, որին տանում էին չորս հոգով:
4 բայց տեսնելով որ բազմութենէն չէին կրնար մօտենալ անոր, քակեցին տան տանիքը՝ ուր կը գտնուէր Յիսուս, ու ծակ մը բանալով՝ վար իջեցուցին մահիճը, որուն վրայ պառկած էր անդամալոյծը:
Եւ երբ ամբոխի պատճառով Յիսուսին չկարողացան մօտենալ, քանդեցին երդիկը այն տան, ուր գտնւում էր նա. եւ բացելով առաստաղը, իջեցրին այն մահիճը, որի մէջ էր անդամալոյծը:
5 Յիսուս տեսնելով անոնց հաւատքը՝ ըսաւ անդամալոյծին. «Որդեա՛կ, մեղքերդ ներուած են քեզի»:
Եւ Յիսուս, տեսնելով նրանց հաւատը, անդամալոյծին ասաց. «Որդեա՛կ, քո մեղքերը քեզ ներուած են»:
6 Քանի մը դպիրներ, որ հոն նստած էին, իրենց սիրտերուն մէջ կը մտածէին.
Օրէնսգէտներից մի քանիսը, որ նստած էին այնտեղ, իրենց մտքում խորհում էին.
7 «Ինչո՞ւ այս մարդը կ՚ըսէ այսպիսի հայհոյութիւններ. ո՞վ կրնայ մեղքերը ներել՝ բացի Աստուծմէ՝՝»:
«Այս ի՞նչ է խօսում, սա հայհոյում է. ո՞վ կարող է մեղքերին թողութիւն տալ, եթէ ոչ՝ միայն Աստուած»:
8 Յիսուս իսկոյն ըմբռնելով իր հոգիին մէջ՝ որ անոնք այդպէս կը մտածեն իրենք իրենց մէջ, ըսաւ անոնց. «Ինչո՞ւ այդպէս կը մտածէք ձեր սիրտերուն մէջ:
Եւ Յիսուս իր հոգում իմացաւ, որ այնպէս են խորհում իրենց մտքում. ուստի ասաց. «Ինչո՞ւ ձեր մտքում այդ էք խորհում.
9 Ո՞րը աւելի դիւրին է, “մեղքերդ ներուած են քեզի” ըսե՞լը անդամալոյծին, թէ՝ “ոտքի՛ ելիր, ա՛ռ մահիճդ ու քալէ՛” ըսելը:
ո՞րն է աւելի դիւրին. անդամալոյծին ասե՞լ՝ քո մեղքերը քեզ ներուած են, թէ՞ ասել՝ վե՛ր կաց, ա՛ռ մահիճդ եւ գնա՛ քո տունը:
10 Բայց որպէսզի գիտնաք թէ մարդու Որդին իշխանութիւն ունի երկրի վրայ մեղքերը ներելու, (ըսաւ անդամալոյծին.)
Բայց որպէսզի իմանաք, որ մարդու Որդին երկրի վրայ իշխանութիւն ունի ներելու մեղքերը, - ասաց նա անդամալոյծին, -
11 “Քեզի՛ կ՚ըսեմ. "Ոտքի՛ ելիր, ա՛ռ մահիճդ ու գնա՛ տունդ"”»:
քե՛զ եմ ասում, վե՛ր կաց, ա՛ռ քո մահիճը եւ գնա՛ քո տունը»:
12 Ան ալ իսկոյն ոտքի ելաւ, եւ առնելով իր մահիճը՝ դուրս ելաւ բոլորին առջեւէն, այնպէս որ բոլորը զմայլեցան, փառաբանեցին Աստուած ու ըսին. «Այսպիսի բան ամե՛նեւին տեսած չէինք»:
Եւ վեր կացաւ ու անմիջապէս վերցնելով մահիճը՝ բոլորի առաջ դուրս ելաւ, այնպէս որ ամէնքը զարմացան եւ փառք էին տալիս Աստծուն ու ասում. «Այսպիսի բան երբեք չենք տեսել»:
13 Դարձեալ գնաց ծովեզերք: Ամբողջ բազմութիւնը իրեն կու գար, եւ անոնց կը սորվեցնէր:
Եւ նա դարձեալ ծովեզերք գնաց. եւ ամբողջ ժողովուրդը նրա մօտ էր գալիս, եւ նա ուսուցանում էր նրանց:
14 Երբ կ՚անցնէր՝ տեսաւ Ղեւի Ալփէոսեանը, որ մաքս ընդունելու տեղը նստած էր, եւ ըսաւ անոր. «Հետեւէ՛ ինծի»: Ան ալ կանգնեցաւ ու հետեւեցաւ իրեն:
Եւ մինչ նա անցնում էր, տեսաւ Ալփէոսի որդի Ղեւիին, որ մաքսատանը նստած գործի վրայ էր, ու նրան ասաց՝ արի՛ իմ յետեւից: Եւ Ղեւին վեր կացաւ գնաց նրա յետեւից:
15 Երբ սեղան նստած՝՝ էր անոր տան մէջ, շատ մաքսաւորներ ու մեղաւորներ ալ սեղան նստած էին Յիսուսի եւ անոր աշակերտներուն հետ. որովհետեւ շատե՛ր կը հետեւէին անոր:
Եւ երբ Յիսուս նրա տանը սեղան նստեց, բազում մաքսաւորներ եւ մեղաւորներ էլ Յիսուսի ու նրա աշակերտների հետ սեղան նստեցին, որովհետեւ շատերն էին նրա յետեւից գնում:
16 Երբ դպիրներն ու Փարիսեցիները տեսան թէ ան կ՚ուտէ մաքսաւորներու եւ մեղաւորներու հետ, ըսին անոր աշակերտներուն. «Ինչո՞ւ կ՚ուտէ ու կը խմէ մաքսաւորներու եւ մեղաւորներու հետ»:
Իսկ օրէնսգէտներն ու փարիսեցիները երբ տեսան, որ նա մաքսաւորների եւ մեղաւորների հետ է ուտում, նրա աշակերտներին ասացին. «Ինչո՞ւ էք մեղաւորների ու մաքսաւորների հետ ուտում եւ խմում»:
17 Երբ Յիսուս լսեց՝ ըսաւ անոնց. «Ո՛չ թէ առողջներուն բժիշկ պէտք է, հապա՝ հիւանդներուն: Ես եկայ ո՛չ թէ արդարները կանչելու, հապա՝ մեղաւորները»:
Երբ Յիսուս լսեց, նրանց ասաց. «Առողջներին բժիշկ պէտք չէ, այլ՝ հիւանդներին. եւ ես չեմ եկել արդարներին կանչելու, այլ՝ մեղաւորներին»:
18 Յովհաննէսի ու Փարիսեցիներուն աշակերտները ծոմ կը պահէին: Ուստի եկան եւ ըսին անոր. «Ինչո՞ւ Յովհաննէսի ու Փարիսեցիներուն աշակերտները ծոմ կը պահեն, բայց քու աշակերտներդ ծոմ չեն պահեր»:
Յովհաննէսի աշակերտները եւ փարիսեցիները ծոմ էին պահում. եկան եւ նրան ասացին. «Ինչո՞ւ Յովհաննէսի աշակերտները եւ փարիսեցիները ծոմ են պահում, իսկ քո աշակերտները չեն պահում»:
19 Յիսուս ըսաւ անոնց. «Միթէ կարելի՞ է՝ որ հարսնեւորները ծոմ պահեն, մինչ փեսան իրենց հետ է: Այնքան ատեն որ փեսան իրենց հետ է՝ կարելի չէ որ ծոմ պահեն:
Եւ Յիսուս նրանց ասաց. «Միթէ կարելի՞ է, որ հարսանքաւորները ծոմ պահեն, երբ փեսան նրանց հետ է. այնքան ժամանակ, որ փեսան իրենց հետ է, պէտք չէ, որ ծոմ պահեն:
20 Բայց օրերը պիտի գան՝ երբ փեսան պիտի վերցուի իրենցմէ. ապա ա՛յդ օրը ծոմ պիտի պահեն:
Բայց կը գան օրեր, երբ փեսան նրանցից կը վերցուի, եւ ապա այն օրը նրանք էլ ծոմ կը պահեն:
21 Ո՛չ մէկը կը կարէ նոր լաթի կտոր մը հին հանդերձի վրայ. որովհետեւ այդ նորը՝ որ անոր լրութեան համար դրուած է, կը քաշէ հինը, ու պատռուածքը աւելի գէշ կ՚ըլլայ:
Նոր, չօգտագործուած կտաւի կտորը ոչ ոք հնացած զգեստի վրայ չի կարկատի, ապա թէ ոչ նոր կտորը ամբողջութեամբ հին զգեստից կը պոկուի, եւ պատռուածքը աւելի վատ կը լինի:
22 Ո՛չ ալ մէկը կը դնէ նոր գինին հին տիկերու մէջ. քանի որ նոր գինին կը պատռէ տիկերը, գինին կը թափի, եւ տիկերը կը կորսուին: Հապա նոր գինին դրուելու է նո՛ր տիկերու մէջ»:
Եւ ոչ ոք հին տիկերի մէջ նոր գինի չի լցնի, ապա թէ ոչ նոր գինին կը պայթեցնի տիկերը, գինին կը թափուի, եւ տիկերը կը փչանան: Այլ նո՛ր գինին նո՛ր տիկերի մէջ պէտք լցուի:
23 Շաբաթ օր մը ինք կ՚անցնէր արտերու մէջէն, եւ իր աշակերտները՝ մինչ կ՚երթային՝ սկսան ցորենի հասկեր փրցնել:
Մի շաբաթ օրով նա անցնում էր ցորենի արտերի միջով: Եւ նրա աշակերտները գնալու ժամանակ սկսեցին հասկ պոկել եւ ուտել:
24 Փարիսեցիները ըսին իրեն. «Նայէ՛, ի՛նչ կ՚ընեն Շաբաթ օրը, որ արտօնուած չէ»:
Եւ փարիսեցիները նրան ասացին. «Տե՛ս, քո աշակերտները շաբաթ օրով ի՛նչ են անում, մի բան, որ օրինաւոր չէ»:
25 Ինք ալ ըսաւ անոնց. «Բնաւ չէ՞ք կարդացեր Դաւիթի ըրածը՝ երբ պէտք ունեցաւ եւ անօթեցաւ, ինք ու իրեն հետ եղողները:
Յիսուս նրանց ասաց. «Դուք երբեւիցէ չէ՞ք կարդացել, թէ ինչ արեց Դաւիթը, երբ կարիք ունեցաւ եւ քաղց զգաց ինքը եւ նրանք, որ իր հետ էին.
26 Ի՛նչպէս մտաւ Աստուծոյ տունը՝ Աբիաթար քահանայապետին օրով, եւ կերաւ առաջադրութեան հացերը, - որ ո՛չ մէկուն արտօնուած էր ուտել՝ բացի քահանաներէն, - ու տուաւ իրեն հետ եղողներուն»:
թէ ինչպէս Աբիաթար քահանայապետի օրով մտաւ Աստծու տունը եւ կերաւ առաջաւորութեան հացը՝ տալով նաեւ նրանց, որ իր հետ էին. մի բան, որ, բացի քահանաներից, ուրիշների համար օրինաւոր չէր ուտել»:
27 Եւ աւելցուց. «Շաբաթը եղաւ մարդո՛ւն համար, ո՛չ թէ մարդը՝ Շաբաթին համար:
Եւ ասաց նրանց. «Շաբաթ օրը մարդո՛ւ համար է, եւ ոչ թէ մարդը՝ շաբաթ օրուայ համար.
28 Հետեւաբար մարդու Որդին տէրն է նաեւ Շաբաթին»:
ապա ուրեմն՝ մարդու Որդին տէրն է եւ շաբաթ օրուայ»:

< ՄԱՐԿՈՍ 2 >